Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Միշտ մեծ բավականությամբ կգամ Երևան»

«Միշտ մեծ  բավականությամբ կգամ Երևան»
20.07.2012 | 03:09

ՎԱԴԻՄ ԱԲԴՌԱՇԻՏՈՎԻ «Պարողի ժամանակը» լիամետրաժ խաղարկային ֆիլմն այս տարի ներկայացվեց «Ոսկե ծիրանի» «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում: Ֆիլմի ցուցադրությունից առաջ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կողմից անվանի ռեժիսորին հանձնվեց «Վարպետ» մրցանակը` Ալբերտ Մկրտչյանի ձեռամբ: Աբդռաշիտովին շնորհվեց նաև ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ»` Միջազգային կինոարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար:
Վադիմ Աբդռաշիտովն է «Իրատես de facto»-ի հյուրը, ում հետ զրույցն անդրադարձ է թե՛ նրա ստեղծագործությանը, թե՛ հայաստանյան տպավորություններին:
Անպայման ցանկանում ենք նշել և կարևորել «…Եվ ոչ միայն մշակույթի մասին» խորագրի ներքո այս և առաջիկայում տպագրվելիք մեր հարցազրույցների կայացման հարցում «Ոսկե ծիրանի» մամուլի աշխատանքների համակարգող Անահիտ Օրդյանի ներդրումը, ում գրագետ և բարեխիղճ մոտեցումն իր աշխատանքին մեծապես գնահատեցին փառատոնը լուսաբանող շատ լրագրողներ:

«ՍԱ ՖԻԼՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ` ԱՌԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ»
-Պարո՛ն Աբդռաշիտով, «Պարողի ժամանակը» համակված է անսահման կարեկցանքով դեպի ֆիլմի հերոսները, և այդ կարեկցանքը հավասարապես տարածվում է թե՛ պատերազմում հաղթածների, թե՛ պարտվածների վրա: Եվ այս ֆոնին գծագրվում է մի բացասական, հրեշավոր կերպար` «Պատերազմի կերպարը»: Ինչպե՞ս եք կարողացել այդ կերպարն ստանալ` առանց ֆիլմում ներկայացնելու որևէ ընդգծված բացասական հերոսի:
-Ես կարծում եմ, որ դա առաջին հերթին սցենարի և դրա հեղինակի` Ալեքսանդր Մինդաձեի արժանիքն է: Համաձայն եմ` սա ֆիլմ է պատերազմի մասին` առանց պատերազմի: Ֆիլմ` խաղաղ կյանքի հնարավոր սկզբի մասին: Կյանք, որը ոչ մի կերպ չի ստացվում: Երբ մոնտաժում էի ֆիլմը, Ֆոլկներից մի միտք կարդացի. «Պատերազմից հնարավոր չէ հաղթող վերադառնալ»: Հանճարեղ է ասված, սա բոլոր պատերազմների մասին է, առավել ևս` քաղաքացիական պատերազմների, որը տվյալ դեպքում մենք տեսնում ենք «Պարողի ժամանակում»: Ահա այս մասին է ֆիլմը: Ես հենց ցանկացել եմ տալ այդ մարդկանցից յուրաքանչյուրի ճակատագիրը, նրանց չստացված կյանքը: Թվում է, թե համակրելի մարդիկ են, արժանի են ավելի լավ ճակատագրի, ավելի լավ կյանքի, երջանկության, բայց ոչ մի կերպ չեն կարողանում հասնել դրան, որովհետև իրենց հետևում պատերազմն է: Հավանաբար, այս մարդկանց ճակատագիրն էլ հենց այն պատերազմի բովանդակությունն է, որ ծանրացել է նրանց ուսերին, չի ավարտվել ֆիլմում և չի ավարտվել իրականում: Այս է պատճառը, որ ֆիլմը մինչև այսօր, ցավոք, արդիական է իր նյութով:
-1997-ին է նկարահանվել «Պարողի ժամանակը»: Ես առաջին անգամ այն դիտել եմ հենց այդ տարիներին, և մինչ օրս ինձ համար «Պարողի ժամանակն» ասոցացվում է քաղաքային ավտոբուսում նկարահանված այն կադրերի հետ, երբ Ձեր հալածյալ հերոսը` Թիմուրը (Զուրաբ Կիպշիձե), գաղտագողի, վախեցած շուրջբոլորը զննելով ու միևնույն ժամանակ մեծ քնքշությամբ ու կարոտով հանդիպում է կնոջը` Թամարային (Վերա Վորոնկովա):
-Իսկապե՞ս:
-Այո՛: Հասկանում եմ Ձեր զարմանքը. ֆիլմում կան շատ ավելի վառ, հուզական պահեր, բայց ինձ համար ֆիլմի ամենացնցող հատվածը ավտոբուսի այդ կադրերն են, որոնք մի քանի րոպեում մի ամբողջ ժամանակաշրջանի, մարդկանց մի ստվար զանգվածի ողբերգությունն են խտացնում: Հետաքրքիր է, ինչպե՞ս է ռեժիսորն ընկալում ու հետագայում մտապահում իր այս կամ այն ֆիլմը: Նա է՞լ է դրանք ասոցացնում կոնկրետ որևէ դրվագի, երկխոսության, տեսարանի հետ:
-Դժվար է պատասխանել այս հարցին: Ավելի շուտ այս կամ այն ֆիլմի մասին հիշողությունները կապվում են կյանքիդ այն կտորի հետ, այն մեկ-երկու տարվա հետ, որն ապրել ես ֆիլմը նկարելիս: Իսկ ինչպե՞ս ես հաշվում կյանքդ. երեխայիդ ծննդով, թոռանդ ծննդով, մեկ այլ կարևոր իրադարձությամբ: Ես այսպես եմ հաշվում կյանքս, այսպես էլ հիշում եմ կյանքիս այս կամ այն հատվածում նկարած ֆիլմերը:
-Անդրեյի (Անդրեյ Եգորով) և Կատյայի (Չուլպան Խամատովա) կերպարները կարծես կենարար թարմ օդի պես ներխուժում են այն համատարած հեղձուկի մեջ, որում հայտնվել են մյուս բոլոր հերոսները: Դուք կարծում եք, որ յուրաքանչյուր աղետից, մեծ ողբերգությունից հետո նման մարդկանց գոյությունն անխուսափելի՞ է, թե՞ չեք բացառում այնպիսի արհավիրքի հնարավորությունը, որից մարդկությանը չեն փրկի ոչ մի Անդրեյ և Կատյա:
-Շատ բարդ հարց եք տալիս: Չափազանց դժվար է պատասխանել: Եթե ֆիլմի կտրվածքով նայենք, պատահական չէ, որ Անդրեյը ֆիլմում ողջ ու անվնաս է մնում: Նա մարդ չի սպանել, չի արձակել ոչ մի գնդակ, ինչպես ինքն է ասում. «ՈՒշացել է պատերազմից»: Բայց, մյուս կողմից, ֆիլմի ֆինալը միանշանակ չէ: Անդրեյը և Կատյան սուրում են ձիու թամբին. սա խորհրդանշական ավարտ է, ընդամենը ֆինալային «արաբեսկա»: Սա կինոնկարի ֆինալն է, բայց ոչ երբեք` նրանց պատմության: ՈՒ բոլորովին հստակ չէ, թե ինչ հեռանկար է նրանց առաջ բացվելու, ինչ ֆինալ է ունենալու այս մարդկանց ճակատագիրը:
-Ձեր ֆիլմում իր դեբյուտն արած Չուլպան Խամատովան «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հիմնադիրն է: Շատ հայ արվեստագետներ ներգրավված են այդ ֆոնդի ձեռնարկումներում: Դուք որևէ առնչություն ունե՞ք այդ ֆոնդի հետ:
-Որևէ համագործակցություն, որպես այդպիսին, չկա: Դա հիմնականում արտիստական, թատերական ակցիա է: Բայց մենք բարոյապես ենք աջակցում ֆոնդի աշխատանքներին: Իբրև «Նիկա» ռուսական կինոակադեմիայի փոխնախագահ` Չուլպանին և Դինա Կորզունին այս տարի արժանացրել ենք «Նիկայի»` նրանց բարեգործական ձեռնարկումները խրախուսելու նպատակով:

«ԵՍ ԵԿԵԼ ԵՄ ВГИК, ԵՐԲ, ԻՆՉՊԵՍ ԻՆՁ ԷՐ ԹՎՈՒՄ, ԱՐԴԵՆ ՄԵԾ ՔԵՌԻ ԷԻ` 25 ՏԱՐԵԿԱՆ»
-Կինոքննադատները կարծում են, որ Դուք ֆիզիկոս եք, այդ պատճառով Ձեր ֆիլմերը խիստ կառուցիկ են, միևնույն ժամանակ Ձեզ համարում են լիրիկ: Ինչպե՞ս եք ինքներդ Ձեզ գնահատում: Դուք առավել շատ ֆիզիկո՞ս եք, լիրի՞կ, թե՞ այս երկուսի ներդաշնակ համադրությունն է ձևավորում ռեժիսոր Վադիմ Աբդռաշիտովին:
-Դե ես ի՜նչ ֆիզիկոս եմ: Դա շա՜տ վաղուց էր: Ամեն բան վճռում են սցենարները, որոնք բացարձակորեն արխիտեկտոնիկ են, և որոնց կառուցիկությունը չափազանց հստակ է, առավել քան հստակ: Ես էլ մտածում եմ, ջանում այնպես աշխատել, որ և՛ սյուժեն լինի պարզորոշ, և՛ հանդիսատեսին հասկանալի լինի, թե ինչի մասին է տվյալ ֆիլմը, և՛ դերասանն իմանա, թե ինչ է խաղում, ինչպես պիտի իրացնի խառնվածքը, կառուցի կերպարը: Ես կարծում եմ` պարզորոշությունը յուրաքանչյուր մարդու մասնագիտության մի կարևոր մասն է, ոչ միայն ռեժիսորինը: Վերջին շրջանում հաճախ եմ նայում ֆիլմեր, որոնք ինձ համար պարզորոշ չեն, ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչի մասին են դրանք:
-Ի դեպ, որոշել էի հենց այդ թեմայով մի հարց տալ Ձեզ վերջում, բայց հիմա կտամ, քանի որ ինքներդ խոսեցիք այդ մասին: Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եք. «Արթ-հաուս. դա այն է, երբ ֆիլմը ստացված չէ, այսինքն` ֆոկուսից ընկած են մտքերն ու զգացմունքները, երբեմն նույնիսկ` հենց պատկերները. ֆոկուս` հանուն ֆոկուսի. և այս բոլորը բարձրագոչ անվանում են արթ-հաուս»: Ըստ Ձեզ` ի՞նչ ասել է արթ-հաուս, եթե ոչ` այն անկատար կինոն, որի բնորոշումը տվել եք Դուք:
-Ե՞րբ է ի հայտ եկել արթ-հաուսը: Երբ բարձրացավ «Նոր ալիքը» Ֆրանսիայում: Այն առաջ բերեցին բավական գրագետ մարդիկ` Գոդարը, Տրյուֆոն: Նրանք կինոքննադատներ էին, որոնք սկզբում շատ խորությամբ ուսումնասիրում ու գրում էին կինոյի մասին, ապա որոշեցին իրենք գալ նկարահանման հրապարակ ու նկարել իրենց կինոն: Այդ նրանք էին, որ առարկայորեն հասկանում էին` ինչ ասել է արթ-հաուս: Հավանաբար, արթ-հաուս ասելով, նկատի ունեին այն կինոն, որը, ի թիվս այլևայլ բաների, զարգացնում է կինոպոետիկան` որպես այդպիսին: Այսինքն` զարգացնում է կինոլեզուն և ընդլայնում այն նյութի շրջանակները, որի հետ գործ ունի կինոն: Կարճ ասած` այդ կինոնկարներում կինեմատոգրաֆ ներմուծվող նոր (չեմ ուզում ասել` էքսպերիմենտալ) ինչ-որ բան կար, որը լրացնում էր կինոն: Արթ-հաուսն իրենից ներկայացնում է արվեստի ստեղծագործություն, որն ինչ-որ նոր բան է ավելացնում արվեստին, ոչ թե կրկնում է: Ես այսպես եմ հասկանում: Եվ պիտի խոստովանեմ, որ վաղուց արթ-հաուսի այդպիսի գործ չեմ տեսել:
-Դուք Մոսկվայի բարձրագույն կինոդպրոցի (ВГИК) պրոֆեսոր եք: Ինչպիսի՞ երիտասարդություն է այսօր գալիս կինոյի աշխարհ, ո՞ւմ ձեռքերում է ապագա կինոն:
-Այսօր Ռուսաստանում գործում են այնպիսի օրենքներ, որոնց պայմաններում հասուն մարդիկ (ես համարում եմ, որ հասուն են դառնում 20 տարեկանից հետո` 23-30 տարեկանում) չեն կարողանում ստանալ բարձրագույն կրթություն, որովհետև պետք է դրա համար վճարեն: ՈՒ պետք է մեծ փողեր վճարեն: Իդեալական դիմորդը մեզ մոտ երեկվա դպրոցականն է, ում տաղանդն արտահայտվում է միայն համակրելի արտաքինի մեջ: Բայց ի՞նչ կարող է նա ասել ինձ: Ո՛չ փորձառություն ունի, ո՛չ գիտելիք: Դա հարկադրական ինֆանտիլիզմ է: Ահագնացող խնդիր: Մեր հայրենական ռեժիսուրայի հսկայական հատվածը դուրս է եկել այն արվեստանոցներից, որոնցում աշխատել են մեծ փորձ ունեցող մարդիկ: Էլ չեմ խոսում ճակատայինների մասին, որոնք վերադարձել էին պատերազմից և արարում էին մեր կինեմատոգրաֆը: Ես սովորել եմ Միխայիլ Իլյիչ Ռոմմի արվեստանոցում, եկել եմ ԹթԼԽ, երբ, ինչպես ինձ էր թվում, արդեն մեծ քեռի էի` 25 տարեկան: Մինչ այդ ստացել էի բարձրագույն կրթություն, ունեի գործարանային աշխատանքի հարուստ փորձ: Ինձ թվում էր, թե պիտի ամենամեծը լինեմ կուրսում, բայց պարզվեց, որ միջին տարիքի եմ, ինձ հետ սովորում էին տարիքով քեռիներ: Եվ սա, իհարկե, նկատելի էր էկրանին: Իսկ հիմա մենք էկրանին տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք: Սա վերաբերում է թե՛ մեր, թե՛ արտասահմանյան կինոյին: Մեկ բացառություն, թերևս, պետք է նշեմ. մի եզակի ֆիլմ եմ նայել, որն ինձ ուրախացրել է: Կոչվում է «Շապիտո-շոու»: Նայե՞լ եք այդ ֆիլմը:
-Ո՛չ:
-Պարտադրելով հորդորում եմ, որ նայեք: Դժվար թե այն մոտ ժամանակներս ցուցադրվի հեռուստատեսությամբ: Անհարմար ձևաչափ ունի. տևում է չորս ժամ: Հավանաբար, կարելի է գտնել տեսաերիզը կամ խնդրել, որ Մոսկվայից ուղարկեն: Դա հիասքանչ կինոնկար է` արված այսօրվա ինֆանտիլ երիտասարդների կողմից` հենց սեփական ինֆանտիլիզմի հենքի վրա: Իհարկե, նկարել է ոչ պատանի, այլ բարձրագույն կրթությամբ մարդ, կյանքի որոշակի փորձով:

«ՀԻՄԱ ԵՍ ԻՆՁ ԱՎԵԼԻ ԿԱԽՅԱԼ ՄԱՐԴ ԵՄ ԶԳՈՒՄ, ՔԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ»
-Ձեզ բնութագրում են իբրև ամենաանկախ ռեժիսորի: Ես հասկանում եմ, թե ինչ ասել էր անկախ` խորհրդային կայսրության տարիներին. Դուք անկախ էիք խորհրդային գաղափարախոսությունից, կոմունիստական կարգախոսներից, կենտկոմի պարտադրանքներից: Ինչի՞ց եք անկախ հիմա` խորհրդային համակարգի փլուզումից հետո:
-Լիարժեք անկախության մասին անհնար է խոսել: Եթե նկարում ես պետության փողերով, ուրեմն կախված ես պետությունից: Եվ այս կախվածությունն ու դրա դրսևորումները եղել են իմ բոլոր ֆիլմերում, եղել են շատ դրամատիկ պահեր` կապված այս խնդրի հետ: Այն ժամանակ աշխատում էր խորհրդային ցենզուրան: Հիմա ցենզուրան` որպես այդպիսին, կարծես թե չկա: Բայց հիմա աշխատելը չափազանց ավելի դժվար է: Հիմա գործում է ռուբլու ցենզուրան: Նույնիսկ ոչ թե ցենզուրան, այլ դիկտատուրան: Կապերի դիկտատուրան, գողական դիկտատուրան, մեծ փողերի դիկտատուրան: Եվ հիմա ես ինձ ավելի կախյալ մարդ եմ զգում, քան խորհրդային իշխանության օրոք: Այն ժամանակ ես նկարում էի կինո: Նկարում էի, հետո արդեն պաշտպանում նկարածս, հասնում այն բանին, որ ընդունվի: Հիմա դա շատ դժվար է անել, որովհետև դժվար է ապացուցել, որ ինչ-որ կոնկրետ մտահղացումից կարելի է դուրս բերել կարգին կինո: Հիմա փողերն այլ ուղղություններով են հոսում, ոչ այն կինեմատոգրաֆի, որն ինձ ծանոթ էր:
-Դուք 11 ֆիլմ եք նկարել Ալեքսանդր Մինդաձեի սցենարներով: Երբ ստեղծագործական ինչ-ինչ անհամաձայնություններ եք ունենում, ո՞ւմ կարծիքն է լինում գերիշխող` վերջնական որոշում կայացնելու հարցում:
-Նման խնդիրներ չեն ծագում մի պարզ պատճառով: Ի սկզբանե մենք որոշում ենք, թե ինչ ֆիլմ պիտի նկարենք, ինչի մասին պիտի լինի այն: Եվ յուրաքանչյուր առաջարկ, յուրաքանչյուր հաշվարկ արվում է` ելնելով դրանից: Մենք ընտրում ենք այն լուծումները, որոնք ավելի մոտ են այն մտահղացմանը, որն ունեցել ենք ֆիլմն սկսելուց առաջ: Ինչ-որ մեկը կարող է ունենալ ավելի լավ առաջարկ, քան մյուսը, բայց ընտրվում է այն, որը մեզ տանում է դեպի նախընտրած նպատակակետը: Ամեն բան արվում է հանուն ֆիլմի: Դա վերաբերում է ոչ միայն սցենարիստին կամ ռեժիսորին, այլև օպերատորին, դերասաններին, մյուսներին: Ինչն ընդդեմ ֆիլմի է, մերժվում է:

«ԱՆՀԱՎԱՏԱԼԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԽՈՐՀՈՒՐԴ ԿԱՐ ՆՈՐԱՎԱՆՔՈՒՄ»
-Ի՞նչ եք հասցրել տեսնել Երևանում:
-Չորրորդ անգամ եմ Երևանում: Երկու անգամ եկել եմ խորհրդային իշխանության տարիներին: Երրորդ անգամ անցյալ տարվա սեպտեմբերին էր: Ձեր քաղաքը շատ եմ սիրում: Հնարավոր չէ այն չսիրել: Զարմանալի խաղաղ, կանաչ քաղաք է:
-Կանա՞չ: Մենք օրնիբուն կանաչի սակավության մասին ենք խոսում-աղմկում:
-Եվ շատ ճիշտ եք անում, որովհետև մեզ պատմեցին, որ քիչ-քիչ կտրում են ծառերը, պակասեցնում են կանաչը: Դա մղձավանջ է: Դա պետք է կանխել: Եվ շատ բան կախված է հասարակական կարծիքից: Եթե կա քաղաքացիական հասարակություն, կփրկվի կանաչը, եթե չկա, այն կոչնչացնեն: Բայց միևնույն է, Երևանը հիմա կանաչ քաղաք է: Մենք վայելում ենք փառատոնի հյուրընկալությունը: Պիտի ասեմ, որ հրաշալի է կազմակերպված: Կեցցե՛ն թիմի բոլոր անդամները: Երեկ նույնիսկ հասցրել են ինձ ցույց տալ մի հրաշք եկեղեցի` Նորավանքը: Ծանոթացա Նորավանքում ծառայող հոգևորականին: Շատ տպավորված եմ տեսածովս: Անհավատալի գեղեցկություն ու խորհուրդ կար Նորավանքում:
-ՈՒրախ եմ, որ Հայաստանում Ձեզ լավ եք զգում: Միշտ բարի գալուստ մեր հայրենիք: Շատ սիրելի և թանկ մարդ եք հայ կինոսերների համար:
-Շնորհակալ եմ: Միշտ մեծ բավականությամբ կգամ Երևան:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4032

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ